կարևոր
3430 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-08 16:56

Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրվեց Արցախի դրոշը

Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրվեց Արցախի դրոշը

Այսօր առավոտյան Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները ակցիա են իրականացրել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով և ներկել ապրիլի 5-ին Ֆրանսիայի հրպարակում տեղադրված Արցախի դրոշը՝ հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը։

Քիչ առաջ ՀՅԴ երիտասարդները Արցախի նոր դրոշ տեղադրեցին Ֆրանսիայի հրապարակում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք եկել էին փոխելու դրոշը, բայց տեսան, որ մի խումբ քաղաքացիներ արդեն եկել են դրոշը փոխելու:

«Հիմա իրարից անկախ մի քանի խումբ քաղաքացիներ եկել են ամեն մեկը դրոշը փոխելու:

Կարծում եմ՝ այն շարժումը, որի անունը չեմ ուզում տալ, իրենց ձեռքով իշխող խմբակի պատասխանն էր ապրիլի 5-ի հանրահավաքին: Փաստորեն, իշխանությունը զավթած խմբակի պատասխանը Արցախի դրոշը պղծելն էր: Այստեղ ոստիկանական խմբերը ծառայություն են իրականացնում եւ հարց է առաջանում, թե ինչպես են մարդիկ անխոչընդոտ հասել այստեղ, ներկել դրոշը ու հեռացել»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով նրան, որ Արտաշատում եւս ինչ-որ մարդիկ հեռացրել էին Արցախի դրոշը, նա ասաց, որ պատկան մարմինները նորից տեղադրում են դրոշը այնտեղ:

«Սա արժանապատվության դրսեւորում է, արժանապատվությունը Հայաստանում հաղթելու է»,-ասաց Վարդանյանը:

Արցախի դրոշը պղծելու գործողությունն ինձ համար անակնկալ չէր՝ իրենց տեսակը, իրենց ապրած կյանքը իմանալով․ իր հերթին ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը։

«Հատկապես Ժիրայր Սեֆիլյանին նկատի ունեմ․ այդ մարդն իր երդումն է դրժել, իր ապրած կյանքն է դրժել, ուրացել է իր մարտական ընկերներին։ Իր հետևորդներն էլ, պարզ է, թե ինչ պետք է լինեն։ Իր հետևորդներն էլ Արցախի դրոշը պղծելով չէ, որ պետք է ցույց տան, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եղել է Ապրիլյան պատերազմ, եղել է վերջին պատերազմը, բա ո՞ւր էին՝ մի հոգի չկար «Սասնա ծռերից»»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Ըստ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ Արցախի դրոշի դեմ պայքարում է Ադրբեջանը, Թուրքիան․ ուղղակի այսքանը պետք է ասեմ և մեր հայրենակիցները սրանից հետևություն պետք է անեն։

Նրա համոզմամբ՝ մնացած ամբողջը փարիսեցիություն է, կեղծ փաստարկներ բերել է։

«Պետք է հիշել, որ այս դրոշի տակ հազարավոր արցախցիներ պատերազմել են առաջին պատերազմից սկսած, և վերջին 44-օրյա պատերազմում արցախցի շուրջ 1000 նահատակ հայրենի հողին է հանձնվել՝ դագաղի վրա կրելով Արցախի այս դրոշը։ Ուղղակի թրքություն է այն արարքը, որը կատարվել է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։