կարևոր
835 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-08 09:40

Ես չեմ պատկերացնում Հայաստանի իշխանություն, որ Արցախը դիտարկի Ադրբեջանի կազմում․ «Հրապարակ»

Ես չեմ պատկերացնում Հայաստանի իշխանություն, որ Արցախը դիտարկի Ադրբեջանի կազմում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԵԽ նախագահ Շառլ Միշելի քավորությամբ նախօրեին Բրյուսելում կայացավ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, որի արդյունքները խիստ մտահոգիչ են։ Տարածված հաղորդագրության մեջ Արցախի եւ նրա կարգավիճակի մասին բառ անգամ չկա, փոխարենը երկու երկրների ԱԳՆ-ները հանձնարարականներ են ստացել՝ լծվել սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերին եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու գործին։ Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զրուցել ենք Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

- Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո Արցախի, նրա ապագայի, կարգավիճակի մասին որեւէ հիշատակում չկա, փոխարենը մեկնարկում է սահմանազատման գործընթացը, ինչից կարելի է ենթադրել, որ խաղաղության պայմանագրի շուրջ կողմերը եկել են համաձայնության։ Ինչպե՞ս կգնահատեք բրյուսելյան պայմանավորվածությունները, ինչպե՞ս եք այս իրավիճակում տեսնում Արցախի հարցի լուծումը, ո՞ր ֆորմատում` հանդիպման ժամանակ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հիշատակում չի արվել։

- Մեզ համար Արցախի հարցը վաղուց լուծված է, մենք միշտ ունենք մեր տեսակետը, այդ տեսակետից չենք շեղվում եւ ունենք մեր կարմիր գծերը, իսկ կարմիր գիծն այն է, որ մենք Ադրբեջանի կազմում երբեք չենք լինելու, դա մեր կործանումն է։

- Բայց հիմա եթե երկու կողմը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սկսում են սահմանազատման գործընթաց, մինչեւ ապրիլի վերջ պետք է ձեւավորվի հանձնաժողով, սա չի՞ նշանակում, որ կողմերը, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, վճռում են նաեւ Արցախի հարցը։ Այսինքն՝ Հայաստանից այն կողմ սկսվում է Ադրբեջանը, որի կազմում, փաստորեն, կա նաեւ Արցախ։

- Նախ եկեք չմոռանանք, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը մեկ օրվա, մեկ տարվա խնդիր չէ։ Այն բավականին երկար ժամանակ է պահանջում, եւ հույս ունենք, որ այդ ընթացքում նաեւ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակեցումներ կլինեն։ Բացի այդ, եկեք մի հարցը չկապակցենք մյուսին, Բրյուսելում, ըստ էության, քննարկել են երկկողմ հարաբերություններ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգ։

- Նախ՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ գործընթացներն արագանան, որովհետեւ հասկանում է, որ միայն Նիկոլ Փաշինյանը կարող է իր ցանկությունները կատարել` պետք է տեղավորվեն նրա պաշտոնավարման ժամկետում։ Եվ ամենակարեւորը՝ խաղաղության օրակարգի հաստատումն ուղիղ առնչվում է Արցախի խնդրին, եթե չասենք՝ փոխկապակցված է։

- Այո, փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ, երկու առանձին հարց են իրենցից ներկայացնում։

- Հետեւաբար, եկեք ընդունենք, որ նորմալ չէ, երբ խաղաղության պայմանագրի կնքման մեկնարկը տալիս են՝ առանց հստակեցնելու Արցախի կարգավիճակը: Ավելին, բրյուսելյան հանդիպմանը նույնիսկ չի խոսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, դիցուք` արձանագրեին, որ նույն ձեւաչափով է շարունակվելու խնդրի կարգավորումը։ Տպավորություն է, որ Արցախն ընդհանրապես անտեսվել է այդ հանդիպման ժամանակ։

- Անտեսվել է, թե չի անտեսվել, խնդիրն այն է, որ այդ հանդիպման քննարկումներից երեւում է, որ քննարկվել են զուտ Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները։ Հակամարտության կարգավորման խնդրին անդրադառնալիս բնական է, որ պետք է քննարկեին Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ այլնի մասին։ 

- Բայց չէ՞ որ Հայաստանը` ի պատասխան Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի, որոնք, ըստ էության, նախապայմաններ են, լրացուցիչ առաջարկներ է ներկայացրել, եւ կան տեղեկություններ, որ հենց Արցախի ինքնորոշման մասին առաջարկ է արվել, ինչը կրկին, ոչ պաշտոնական տեղեկություններով, մերժվել է։

- Դա հարցրեք Հայաստանի իշխանություններից, ես փոխանցեցի մեր տեսակետը, որի մասին միշտ ենք բարձրաձայնել։ 

- Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, չե՞ք կարծում, որ Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելուց առաջ նախ պետք է հոգան Արցախի անվտանգության հարցը։ Դուք բավարարվա՞ծ եք բրյուսելյան հանդիպումից։

- Դա հարցրեք Հայաստանի իշխանություններից, ես կրկնում եմ՝ Արցախի համար կարմիր գիծն այն է, որ մենք Ադրբեջանի կազմում երբեք չենք լինելու, դա մեր կործանումն է։

- Վերջին ժամանակներում ակտիվ խոսակցություններ կան՝ եթե ՀՀ իշխանություններին չհաջողվի Արցախի կարգավիճակի հարցը լուծել, Արցախում հանրաքվե կանեն` Ռուսաստանի ազդեցության գոտի մտնելու պահանջով, հնարավոր համարո՞ւմ եք նման սցենարը։

- Կրկնում եմ՝ մեզ համար կարմիր գիծ է մի բան, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում, սա այն անընդունելի զարգացումն է, որ որեւէ մեկս չի հանդուրժելու, այդպիսի լուծումը լինելու է դատավճիռ, մահապատիժ մեզ համար, հետեւաբար, թե ինչպես կհասնենք մեր ուզած լուծմանը, դա ցույց կտա ժամանակը, բայց որ հասնելու ենք, դա լինելու է միանշանակ։ Ես չեմ պատկերացնում Հայաստանի իշխանություն, որ Արցախը դիտարկեն Ադրբեջանի կազմում։

- Բայց եթե սահման են գծում ու չեն հստակեցնում Արցախի կարգավիճակը, չի՞ նշանակում, որ դիտարկում են։

- Ես պիտի կրկնեմ իմ ասածը, դրա համար եմ ասում՝ հարցրեք Հայաստանի իշխանություններից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: