կարևոր
844 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-07 16:18

Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Ապրիլի 7-ին Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենները հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Շնորհավորելով Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության առաջին դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Դոմինիկյան Հանրապետության դեսպանը նշեց, որ հանձնառու է իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության առավելագույն զարգացմանը:

Պարույր Հովհաննիսյանը դոմինիկյան դիվանագետին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։

Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների»: