կարևոր
1276 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-07 15:59

Արցախի քաղաքական օրակարգում ՌԴ կազմի մեջ մտնելու հարց չի քննարկվում. Վահրամ Բալայան

Արցախի քաղաքական օրակարգում ՌԴ կազմի մեջ մտնելու հարց չի քննարկվում. Վահրամ Բալայան

Պատերազմից հետո անվտանգության համակարգը խաթարվել է, և եթե ՀՀ-ն նախկինում հանդես էր գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այսօր, ցավոք, այդպես չէ։ Ստեղծված վիճակում ահագին տարածքներ կորցրած, փոքրաթիվ ազգաբնակչությամբ վիրավոր Արցախը գոյաբանական պայքարի մեջ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորՎահրամ Բալայանը՝ , անդրադառնալով Արցախի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեի մասին խոսակցություններին ու հավելել, որ քաղաքական ուժերի օրակարգում նման հարց չի քննարկվում։

«Դաշնակցությունն օրինապաշտ կուսակցություն է և այն, ինչ ամրագրված է Սահմանադրությամբ, այն, ինչ ժողովուրդը հանրաքվեով է արտահայտել՝ ցույց տալով անկախ պետություն ունենալու իր կամքը, դրան էլ կողմ ենք։ Առայսօր մեր դիրքորոշումը չի փոխվել»,-նշեց Վահրամ Բալայանը։

Ստեղծված իրավիճակում հասարակության տարբեր շերտերի մոտ՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեի շուրջ խոսակցությունները Բալայանը գոյաբանական առումով լրիվ աբսուրդային չի համարում՝ հատկապես, եթե հաշվի է առնվում ՀՀ իշխանությունների՝ Արցախից ձեռքերը լվանալու ակնհայտ փաստը։

Այդուհանդերձ, Բալայանը խորին համոզմունք ունի, որ համախմբելու, համայն հայության ջանքերը մեկտեղելու դեպքում կկարողանանք Արցախի անվտանգության խնդիրն ինքներս լուծել, և չի հասնի այն կրիտիկական պահը, որ մեր 30 տարվա պայքարը զրոյացվի։

«Ուժերի մեկտեղում պետք է արվի, որպեսզի ինչպես 90-ականերին՝ թեկուզ սակավ ռեսուրսներով, բայց կարողացանք մեր խնդիրները մեր ուժերով լուծել, այս անգամ էլ հաջողենք։ Մեր ազգային խնդիրներն այն ժամանակ կարողացանք լուծել հենց մեր միակամությամբ։ Ինչ էլ անենք, պետք է միասին որոշենք ու անենք։ Եթե ամեն մեկն իր անձնական դիրքորոշումն առաջ տանի, լավ հանգրվանի չենք հասնի»,-շեշտեց Բալայանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ մեր համախմբումը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում նաև մեր դաշնակիցներին է շահեկան։ Բևեռացված աշխարհում ունենալ ուժեղ դաշնակից, ըստ նրա, երկուստեք ձեռնտու է, ամենակարևորը՝ մեզ կհարգեն՝ որպես ազգ ու պետություն։

Նա համոզված է՝ համազգային շահն առաջ տանելու և անվտանգային խնդիրները լուծելու հարցում մտահոգ և շահագրգիռ պետք է լինի յուրաքանչյուր հայ։ Դատելով ապրիլի 5-ի հանրահավաքին ներկա եղած մարդկանց թվից՝ Բալայանը ցավով նկատում է, որ հասարակության մեծ մասի մոտ ազգային շահի գերակայության գիտակցումը դեռ չկա։