կարևոր
1984 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-07 15:34

Պատեհ չեմ համարել բրյուսելյան հարթակում շարունակել Փառուխի դեպքերի քննարկումը․ Փաշինյան

Պատեհ չեմ համարել բրյուսելյան հարթակում շարունակել Փառուխի դեպքերի քննարկումը․ Փաշինյան

Բրյուսելում Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԱՀ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում իր ելույթում:

«Բնականաբար, քննարկում եղավ ԱՀ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ: Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ ԱՀ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց այս թեմայով հայկական կողմի դիրքորոշումը, որն ինքը հրապարակել է, ապա շարունակեց. «Ըստ այդմ մենք ակնկալում ենք, որ ԱՀ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը»:

Նրա խոսքով՝ այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում: