կարևոր
553 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-07 13:54

Այսօր Առողջության համաշխարհային օրն է

Այսօր Առողջության համաշխարհային օրն է

Ապրիլի 7-ը նշվում է Առողջության համաշխարհային օր, որի շրջանակում առողջապահության նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են անում միավորել ջանքերն առողջ մոլորակ ունենալու և պաշտպանելու համար:

Յուրաքանչյուր տարի ավելի քան 13 միլիոն մահ` ողջ աշխարհում, այդ թվում՝ 1,4 միլիոնը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առաջանում է շրջակա միջավայրի այնպիսի գործոնների հետևանքով, որոնք հնարավոր է կանխարգելել:

Միայն օդի աղտոտվածության պատճառով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ամեն րոպե մեկ մարդ է մահանում։ Մարդկային ազդեցության հետևանքով կլիմայի փոփոխության աննախադեպ արագության և մարդու առողջության վրա կործանարար ազդեցության պայմաններում հաճախ ամենաշատը տուժում են ամենախոցելիները:

Վտանգավոր թափոնները, աղտոտված ջուրը, անբավարար սանիտարական պայմանները, ծխախոտը և արդյունաբերության վատ կառավարումը այն խնդիրներից մի քանիսն են միայն, որոնք սպառնալիք են ոչ միայն մարդկանց առողջության, այլև մեր օդի, ջրի և շրջակա էկոհամակարգերի համար: Մարդկանց, կենդանիներին և բույսերին տրվող հակաբիոտիկները և այլ հակամանրէային դեղերը մնում են շրջակա միջավայրում և մեր խմելու ջրում՝ ստեղծելով հակամանրէային դեղերի նկատմամբ դիմակայուն սուպերբակտերիաներ և դեղամիջոցների նկատմամբ դիմակայուն այլ օրգանիզմներ:

«Մեկ առողջություն» մոտեցումն այսօր առավել քան երբևէ արդիական է` հաշվի առնելով օրեցօր մոլորակին սպառնացող համաճարակներն ու տարաբնույթ հիվանդությունները: Վերջին տարիներին կյանքը ցույց է տվել, որ առողջապահական համակարգերը պետք է լինեն առավել ուժեղ, առավել հզոր ու մարտունակ` դիմակայելու երկրագնդի գլոբալ փոփոխություններով պայմանավորված մարտահրավերներին: Այս համընդհանուր ու համամարդկային խնդիրների լուծման գործում առողջապահության նախարարությունը համահունչ է գործընկերային քաղաքականությանը, որը միտված է «Պաշտպանելով մոլորակը՝ պաշտպանենք մեր առողջությունը» շղթայի ապահովմանը: Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու և գնահատելու մեր բժիշկներին ու բուժքույրերին, որոնք ամեն օր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար` հաճախ իրենց սեփական առողջության հաշվին»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ միասին շարունակում է աջակցել Հայաստանին՝ ավելի կայուն և առողջ միջավայր ունենալու, առողջապահական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման և մարդկանց, հատկապես բնակչության առավել խոցելի և անտեսված խմբերի համար, որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հարցում: Մարդկանց և մոլորակի առողջությունը պահպանելու համար մեր հավաքական պարտականությունն է հրատապ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելով հասարակություններ, որոնք առաջնահերթություն են տալիս բոլոր քաղաքացիների ներառական և հավասար բարեկեցությանը»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան:

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլան իր հերթին ընդգծել է, որ. «Առողջ միջավայրը Հայաստանում և ցանկացած այլ երկրում կայունության և զարգացման հիմքն է։ Այս տարվա Առողջության համաշխարհային օրվա թեման հիշեցնում է, որ շրջակա միջավայրի և առողջապահական խնդիրները պահանջում են արդյունավետ արձագանք՝ ամբողջ կառավարության և ամբողջ հասարակության կողմից»:

Առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կնշեն Առողջության համաշխարհային օրը մեկամսյա արշավով, որը կներառի առցանց միջոցառումներ՝ լուսանկարչական մրցույթ, ցուցահանդես և սոցիալական մեդիայի միջոցով իրականացվող միջոցառումներ։ Համատեղ արշավը կոչ է անում բոլոր քաղաքացիներին դառնալ լուծման մի մաս՝ միանալով հանուն մեր մոլորակի, հանուն մեր առողջության: