կարևոր
727 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-07 12:43

Մայրս կյանքում ինձ ուղեկցեց մինչև 16 տարեկանը, սակայն դա էլ բավարար էր իմ մեջ սերմանելու կարևոր արժեքներ ու որակներ. Արտակ Բեգլարյան

Մայրս կյանքում ինձ ուղեկցեց մինչև 16 տարեկանը, սակայն դա էլ բավարար էր իմ մեջ սերմանելու կարևոր արժեքներ ու որակներ. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի ավետման տոնի առթիվ.

«Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր, կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի ավետման տոնի առթիվ:

Նոր կյանք ու վերածնունդ խորհրդանշող այս յուրահատուկ տոնը նշում ենք մեծ հույսով ու անբեկանելի հավատով՝ հատկապես դժվար պատմական շրջափուլում, որտեղ արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Մեծ գնահատանքով ու երախտագիտությամբ այսօր սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն մայրերին ու քույրերին, դուստրերին ու կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում:

Նրանց արիությունն ու կամքը այսօր մեզ ուղեկցում է մեր բոլոր ձեռնարկումներում՝ հանուն մեր Հայրենիքի վերքերի ապաքինման ու հետագա զորացման:

Մայրության ու գեղեցկության աստվածատուր պարգևը բարօրություն ու երջանկություն է սփռում, մեր ընտանիքներում ամրացնում հարգանքի, փոխըմբռնման ու սիրո արժեքային համակարգը:

Շնորհավորում եմ նորից ու բարեմաղթում կորով, արևշատություն և երջանկություն մեր ընտանիքներում:

Հ.Գ. Այս առթիվ հրապարակում եմ մայրիկիս հետ իմ լուսանկարը: Թեև հանրային խոսքում շատ քիչ եմ խոսում մայրիկիս՝ Էլլադա Խաչատրյանի մասին, սակայն որոշեցի այսօր ևս մեկ անգամ ընդգծել, թե որքան մեծ է մայրիկիս ավանդը իմ, որպես մարդ, հայ ու քաղաքացի, կայացման և որակյալ կրթության ապահովման հարցում: Մայրս կյանքում ինձ ուղեկցեց մինչև 16 տարեկանը, սակայն դա էլ բավարար էր իմ մեջ սերմանելու կարևոր արժեքներ ու որակներ՝ իր նախանձախնդիր հետևողականությամբ, կամքի ուժով, հայրենասիրությամբ, այլոց հանդեպ հոգատարությամբ ու կրթության արժեվորմամբ, որոնք օգնեցին ինձ կերտելու իմ հետագա ճանապարհը՝ դեպի Հայրենիքին ու ժողովրդին ցմահ ծառայություն»: