կարևոր
1450 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-07 12:00

Հայ ազգը շտկում է իր ճկված մեջքը, վերականգնում է իր արժանապատվությունը․ Արթուր Ղազինյան

Հայ ազգը շտկում է իր ճկված մեջքը, վերականգնում է իր արժանապատվությունը․ Արթուր Ղազինյան

Երեկ կայացած ընդդիմության հանրահավաքն, իր մարդաշատությամբ, էներգետիկայով և տոնայնությամբ, յուրօրինակ բեկում մտցրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Քաղաքական տեխնոլոգիաներից հասկացող ցանկացած անձ կհաստատի, որ երեկ հրապարակ եկած մոտ 20.000 Հայ մարդկանց թիվը կարող է հնգապատկվել՝ անխուսափելի դարձնելով իշխանափոխությունը, և որպես հետևանք զրոյացնելով ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու պարտավորությունները:

Հանրահավաքից տագնապած ու անհանգստացած են ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, քանի որ Հայաստանի ներսում ձևավորված պրոտեստը ի զորու է տապալել մեր հայրենիքի դեմ դավեր նյութած ուժերի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային պլաններն ու նկրտումները:

Տագնապած սուբյեկտների ցանկում են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, քանի որ առաջինը կանգնած է իր իշխանության կորստի, իսկ երկրորդը՝ Արցախից հրաժարվելու ու իր տերերի պահանջներն ու սպասելիքները չկատարելու կործանարար հեռանկարի առջև:

Բրյուսելում այս պահին ընթացող հանդիպմանն ընդառաջ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիան և ընդդիմության սահմանած կարմիր գծերը բավական բարդ վիճակում են դրել Փաշինյանին ու Ալիևին, քանի որ առաջինը ամենուրեք հայտարարում է, որ հունիսի 20-ին ստացել է խաղաղություն հաստատելու, իսկ իրականում Հայաստանը իրավական կապիտուլյացիայի ենթարկելու «պողպատե» մանդատ, իսկ Ալիևը պնդում է, որ Հայ ժողովուրդը համակերպվել է իր պարտության հետ:

Երեկ ապացուցվեց, որ երկուսն էլ չարաչար սխալվում են, և անցած տարի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն այլևս չեն արտացոլում Հայ ժողովրդի իրական տրամադրությունները:

Հայ ազգը շտկում է իր ճկված մեջքը, վերականգնում է իր արժանապատվությունը և սպասվող մեծ փոփոխություններին ընդառաջ ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ երբեք չի համակերպվելու իրեն պարտադրված դավաճանական պարտության հետ և կրկին անգամ վերահաստատում է, որ Արցախը եղել է և լինելու է ՀԱՅԿԱԿԱՆ ու Արցախը ԵՐԲԵՔ չի լինելու Ադրբեջանի կազմում»: