կարևոր
637 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-07 10:32

Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին

Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին

Եվրախորհրդարանի պատգամավորներ՝ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 Եվրապատգամավոր բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայության Բարձր Ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։

Եվրապատգամավորները ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնկաչության անվտանգությունն ու բարեկեցությունը։

Անդրադառնալով նամակին ՀՅԴ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտեց․ «ԵԽ պատգամավորների այս նախաձեռնությունը կարևոր ազդակ է՝ ուղղված ԵՄ գործադիր ղեկավարներին, քանի որ այն Ադրբեջանի վարած քաղաքականությանը տալիս է հստակ գնահատական՝ բնորոշելով որպես էթնիկ զտման քաղաքականություն։ Պետք է շարունակենք հետևողական լինել, որպեսզի ԵՄ-ն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ վերջ տալու Արցախի հայաթափման սանձարձակ կեցվածքին»։