կարևոր
1351 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-06 12:58

Խաղաղություն քարոզողները մեզ բերել են միայն դժբախտություն և պատերազմ․ այս հրապարակից հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խաղաղություն քարոզողները մեզ բերել են միայն դժբախտություն և պատերազմ․ այս հրապարակից հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր պատմական օր է, որովհետև այսօր ձեր ներկայությամբ, վճռականությամբ ապացուցեցիք և վերջնականապես փակեցիք այն խոսակցությունները, որ հայ ժողովրդին չի հետաքրքրում Արցախը, որ մենք համակերպվել ենք այս իրավիճակին: Դուք սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտության էջը փակելուն:

Քիչ առաջ մեր բոլորի անունից հնչեցվեցին այն հիմնական սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվենք։ Դա հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության կամարտահայտությունն է: Եկեք միասնաբար հայտարարենք, որ ցանկացած իշխանություն, որը կշեղվի մեր կենսական պահանջներից, ուղարկելու ենք գրողի ծոցը:

Այսօր մենք այստեղից արձանագրեցինք, որ տեր ենք Արցախին, Հայաստանին և ամենակարևորը՝ պատրաստ ենք պայքարել ու պաշտպանել մեր հայրենիքը:

Դուք այսօր ձեր վճռականությամբ ասում եք մեկ կարևոր բան՝ այս իշխանությունները չունեն ժողովրդի կողմից մանդատ՝ խաղաղության կեղծ և հիմար լոզունգների տակ երկիրը տանելու նոր զիջումների:

1992-ին իրավիճակը ծանր էր, Ստեփանակերտի հետ չկար ցամաքային ճանապարհ: Որոշում կայացվեց պաշտպանել երկիրը, փոխվեց պաշտպանության նախարարը, Գերագույն Խորհուրդը ընդունեց որոշում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կանգնեցինք, ազատագրեցինք Արցախը և բերեցինք խաղաղություն: Երկրորդ օրինակը, 1998 թվական. օրվա իշխանությունը առաջարկում էր՝ կա՛մ պետք է զիջենք, կա՛մ պետք է լինի պատերազմ: Մենք դեմ էինք զիջելուն, օրվա իշխանությունը խաղաղ հեռացավ, բայց ասաց, որ իշխանության եկան պատերազմի ուժերը: Բայց այդ ուժերը եկան ու 20 տարի երկիրն ունեցավ խաղաղություն։

2018-ին իշխանության եկավ զիջման կողմնակիցները, սակայն մենք ունեցանք հայրենիքի կորուստ։ Խաղաղություն քարոզողները մեզ բերել են միայն դժբախտություն և պատերազմ: Հիմա եթե Նիկոլն ուզում է խաղաղություն, հանուն այդ խաղաղության պետք է հեռանա: Հայաստանի պատմության մեջ Նիկոլից քիչ ոչ մեկն իրավունք չունի խոսելու խաղաղությունից, որովհետև ինքը պարտության ու պատերազմի խորհրդանիշ է: Եթե ուզում ենք ունենալ արժանապատվություն, իրական խաղաղություն, օր առաջ պետք է սրանց հեռացնենք

Մենք այսօր, այս հրապարակից հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյան

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազատության հրապարակում հրավիրել էին բազմահազարանոց հանրահավաք, որը կրում էր «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը: Հանրահավաքի ավարտին մասնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, որտեղ տեղի ունեցավ Արցախի դրոշի տեղադրման արարողություն: