Այսօրվա հանրահավաքը նպատակ ունի հնարավորինս ուժեղ զանգ խփել՝ մեր երկիրը վտանգված է, ծայրահեղ վտանգված: Զանգ խփել՝ արթնացման: Զանգ խփել՝ համախմբման: Արդեն գրեթե մեկ տարի է Հայաստանի սուվերեն տարածքում է գտնվում ադրբեջանական զինուժը:
Ադրբեջանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հիմքում դնելու համար տալիս է 5 կետից բաղկացած առաջարկ, որոնք բացառապես ադրբեջանական շահն են արտահայտում: Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ այդ առաջարկը ընդունելի է և իր կողմից առաջարկում է լրացումներ:
Լրացում առաջին՝ Արցախի ժողովրդի անվտանգության հարցը: Ուշադրություն՝ Արցախի անվտանգության չէ, պետականության չէ, միայն՝ ժողովրդի անվտանգության:
Լրացում երկրորդ՝ կարգավիճակի հարցը: Ուշադրություն՝ ինքնորոշման իրավունքի չէ, ինքնորոշման իրավունքի իրացման չէ, առանց սահմանափակման իրացման չէ՝ միայն կարգավիճակի:
Էլ ո՞նց բացատրենք, որ հնարավոր չէ հայրենիքն աճուրդով վաճառելով՝ լավ ապրել: Հնարավոր չէ, որովհետև արդյունքում ապրելու տեղն էլ է վերանում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյան
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազատության հրապարակում հրավիրել էին բազմահազարանոց հանրահավաք, որը կրում էր «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը: Հանրահավաքի ավարտին մասնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, որտեղ տեղի ունեցավ Արցախի դրոշի տեղադրման արարողություն: