կարևոր
541 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-06 11:35

Հայկական և վրացական կողմերը հետևել են Բագրատաշենի անցակետում նոր կամրջի շինարարության ընթացքին

Հայկական և վրացական կողմերը հետևել են Բագրատաշենի անցակետում նոր կամրջի շինարարության ընթացքին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ընթացքին։ «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ այս կամրջի կառուցումը հայ-վրացական բարեկամության խորհրդանիշներից է։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երկու երկրների միջև բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծավալների աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հույս է հայտնել, որ այս շինարարությունը միակ համատեղ ծրագիրը չի լինի, նման նախագծերը հետագայում շարունակական կլինեն, որոնց միջոցով երկու երկրի շինարարները հնարավորություն կունենան միմյանց հետ կիսել իրենց փորձառությունը։

Հայաստանի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտների ղեկավարները շրջել են շինհրապարակում, քննարկել աշխատանքային հարցեր։ Շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) կատարող կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են ընթացիկ աշխատանքներին։ Մասնավորապես, տեխհսկողությունն իրականացնող թիմի ղեկավարը նշել է, որ արևելյան կամրջի հեծաններն ամբողջությամբ տեղադրվել են, իսկ արևմտյան կամրջի վրա արդեն իսկ տեղադրվել է հեծանների 60 տոկոսը։ Կողմերը քննարկել են շինարարության ժամկետներին, որակին, կամրջի ջրահեռացմանն առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։

Նշենք, որ շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին, շինարարության համար նախատեսված ժամկետը մեկ տարի է։ Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160մ: «Բարեկամություն» կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ, երկու կողմից մոտեցնող ճանապարհներ, հետիոտնի համար նախատեսված մայթեր։