կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-06 10:36

Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում. հայտարարություն

Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում. հայտարարություն

Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարել է խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը։

Նիստին ներկա է եղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր:

Որպես հիմնական զեկուցող հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Օրակարգային հարցը նախօրոք քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Դավիթ Գալստյանը, Մետաքսե Հակոբյանը և Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Հաջորդիվ խորհրդարանը 29 կողմ ձայնով ընդունել է հայտարարությունը, որում նշված է․

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

Համոզված ենք, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով, միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը:

Աշխարհաքաղաքական իրողությունների այս բարդ ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը ,փորձելով տապալել ռուսական խաղաղպահ առաքելությունը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում բնակվող խաղաղ բնակչին, շարունակում զավթել նորանոր տարածքներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը 1988 թվականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը:

1991 թվականի Սեպտեմբերի 2-ի հռչակագրով , այնուհետև համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ձևավորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետությունը: 30 տարիների ընթացքում մենք անցել ենք հաղթանակների և անհաջողությունների միջով: 2020թ. սեպտեմբերի 27-ին մեզ պարտադրված ու 44 օր տևած պատերազմի հետևանքով մենք ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ: Սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից: Խոնարhվելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակի առջև` մեր հավատարմությունն ու պատրաստակամությունն ենք արձանագրում հետևողական լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգման գործընթացներին:

2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը: Ներկա պայմաններում ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար:

Հարգելի´ հայրենակիցներ

Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»: