կարևոր
910 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-05 16:25

ՀՅԴ Իրանի Հյուսիսային շրջանի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ Իրանի Հյուսիսային շրջանի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

Արցախյան 44-օրյա դավադիր պատերազմից հետո, հակառակ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին, ինչպես և սպասվում էր, ագրեսոր Ադրբեջանը ոչ միայն չդադարեց իրարահաջորդ սադրանքների դիմելուց, այլև հղփացած իր մեծ եղբոր քարոզչաքաղաքական ու դիվանագիտական նենգ ու հակահայ աջակցություններից, Արցախի ու Հայաստանի դեմ ճնշամիջոցները սաստկացրեց:

«Ցաւօք եւ դարձեալ սպասելիօրէն Հայաստանի կապիտուլանտ իշխանութիւնը թուրք-ադրբեջանական հակահայ եւ հակահայաստան սադրանքներն բնութագրեց որպէս տարածաշրջանի խաղաղութեանը միտող դրական պատգամ:

Ի խնդիր իր իսկ իշխանութեան պահպանման, փաստօրէն պարտւած կապիտուլանտն պատրաստւում է նորանոր զիջումների՝ զուգահեռաբար հասարակաց ու հանրային միտքը շեղելով ազգային-պետական վերահաս նոր վտանգներից, կրկին ու կրկին կեղծ խաղաղութեան թէզեր շրջանառութեան մէջ դնելով: Սրա ապացոյցն է հէնց օրերս իր իսկ կառավարութեան նիստի ընթացքում Փաշինեանի «խաղաղասիրական» կոչերն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի շուրջ գալիք օրերում Բրիւսէլում Ալիեւի հետ քննարկումներին նախապատրաստւելը:

Թէ՛ այս, եւ թէ՛ առհասարակ Արցախի ու Հայաստանի անվտանգութեանը սպառնացող ռէալ երեւոյթներից մղւած՝ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցութիւնները հանդէս եկան խորհրդարանական լսումների օրակարգի առաջարկով, բայց նոյն խորհրդարանի իշխանական մեծամասնականները մերժեցին առաջարկը: Տւեալ դէպքում ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը որդեգրել են արտախորհրդարանական պայքար, որը դրսեւորւելու է հանրահաւաքի տեսքով՝ սոյն թւականի ապրիլի 5-ին, որով էլ ահազանգելու են Արցախի ու Հայաստանի լինելութեանը սպառնացող իրական վտանգների մասին:

Սիրելի հայրենակիցներ, կանգնած ենք ոչ թէ լոկ «իշխանութիւն-ընդդիմութիւն» ներքաղաքական-միջխմբակցային ինչ-որ հակադրութիւնների ու մրցակցութիւնների, այլեւ ու մանաւանդ մեր բոլորի՝ ողջ հայաշխարհի Սրբազան երկրի կորստեան իրողութեան առջեւ:

Այդ իսկ բերումով մենք եւս մեր հերթին մեր մտահոգութեան եւ միեւնոյն ժամանակ զօրակցութեան ձայնն ենք միացնում Հայաստան ու Արցախ աշխարհի ապագայով մտահոգ հայրենական ժողովրդի ձայնին՝ ի խնդիր բովանդակ հայութեան ինչպէս ազգային, այնպէս էլ համազգային ու պետական շահերի պահպանման սուրբ նպատակի»:

3 ապրիլի 2022
Թեհրան