կարևոր
12811 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-15 13:15

ՊՆ-ն հայտնում է, թե Կապանում ադրբեջանական զինվորականները ոչ թե առաջ են եկել, այլ ընդամենը վերադառնում են ՀՀ ինքնիշխան տարածքում հայտնված իրենց դիրքեր

ՊՆ-ն հայտնում է, թե Կապանում ադրբեջանական զինվորականները ոչ թե առաջ են եկել, այլ ընդամենը վերադառնում են ՀՀ ինքնիշխան տարածքում հայտնված իրենց դիրքեր

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են, գրում է «Արմենպրեսը»։

«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող: 

Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈՒ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը»,- հայտարարում են ՊՆ-ից:

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Կապանի Ներքին Հանդի վարչական ղեկավարին և գյուղացիներին, հայտնել են, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։