կարևոր
8833 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-15 12:14

Քննչական կոմիտեն ներկայացրել է Քարահունջի վարչական ղեկավարի հանդեպ նոր մեղադրանքը

Քննչական կոմիտեն ներկայացրել է Քարահունջի վարչական ղեկավարի հանդեպ նոր մեղադրանքը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու հանգամանքով:

Ըստ Կոմիտեի՝ քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձը ընդգրկված չլինելով ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրված «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» տեղական հասարակական կազմակերպություն կողմից ներկայացված ցուցակում և որևէ առնչություն չունենալով հիշյալ կազմակերպության հետ, ապօրինի ձեռք է բերել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթի ձևաթուղթ:

Այնուհետև, 2021թ. հունիսի 20-ին՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարն ընտրատեղամասերից մեկում ընդգրկված լինելով որպես դաշինքներից մեկի վստահված անձ, իր կողմից ապօրինի ձեռք բերված վերոգրյալ փաստաթղթում՝ վկայականում, լրացնելով հորեղբոր որդու տվյալները,  օգտագործելու նպատակով այն տրամադրել է  նրան:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Լուսինե Ավետյանի պաշտպան Գայանե Պապոյանի համոզմամբ՝ իշխանությունները որոշել են նոր մեղադրանքի արդյունքում ճնշել Լ. Ավետյանին, որպեսզի վերջինս կրկին Առուշանյանի դեմ ցուցմունք տա և գնա գործարքի, քանի որ Առուշանյանին կարող են մեղադրել միայն և միայն Ավետյանի ցուցմունքի պարագայում:

«Մինչդեռ մեկընդմիշտ արձանագրեք ձեր համար, որ Ավետյանին այլևս չեք կարողանալու որևէ ձևով ճնշել կամ համոզել, քանզի , ինչպես վերջինս հայտնեց դատարանում, նա ցանկանում է իր խղճի հետ հանգիստ ապրել և օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրել ձեզ այլևս չի հաջողվի»,- գրել է փաստաբանը: