կարևոր
11590 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-15 11:59

Կապանում ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են եկել

Կապանում ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են եկել

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները նույնպես դիտարկվում են, մեր գյուղի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները մտավախություն ունեն այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Բարերարը տնկիներ են բերել, որ գյուղացիները այգիներ հիմնեն, բայց հիմա մարդիկ չեն կարող այդ տարածքում աշխատել, վտանգավոր է»,– ասաց Խաչատուր Բաղդասարյանը։

Նա նշեց, որ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը առաջին օրվանից տեղյակ է խնդրից եւ պարբերաբար այցելում է իրենց համայնք։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն էլ հայտնել էր, որ Ադրբեջանը ևս 2 կմ խորացել է՝ գրավելով Հանդ գյուղատեղին, Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը, զրկելով գյուղը խմելու ջրից, և հայտնվել գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա։

«Նպատակն ակնհայտ է՝ օգտվել քաղաքական առավելությունից, այն է՝ Հայաստանում իրենց դրածո կամակատար իշխանության առկայությունից և, ըստ այդմ, զրոյական դիմադրությունից՝ առաջանալով Ծավ գետի հոսանքով ու կտրելով Սրաշան-Ծավ, ասել է թե՝ Կապան-Շիկահող-Շվանիձոր-Մեղրի ճանապարհը»,- ամփոփեում է քաղաքագետը։