կարևոր
9172 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-15 11:42

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

Արցախի Հանրապետությունում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները ստեղծել են անվտանգության և հումանիտար իրավիճակի նոր սպառնալիքներ։

Ադրբեջանի օկուպացիոն զորքերը դիտավորությամբ վնասել են Հայաստանից Արցախի Հանրապետություն մտնող գազատարը, խոչընդոտում են գազատարի վերանորոգման աշխատանքներին, տեւական ժամանակ է, ինչ արցախցիներին զրկել են գազից։ Գազատարի չգործելու պատճառով խնդիրներ են առաջացել նաեւ էներգամատակարարման համակարգում։ Բնականոն քաղաքացիական կյանքն Արցախում կաթվածահար վիճակի մեջ է, եւ մարդիկ կանգնած են հումանիտար աղետի շեմին։

Միաժամանակ, վերջին օրերի ընթացքում հաճախակի եւ պարբերական բնույթ են ստացել միջին եւ խոշոր տրամաչափի զինատեսակներով Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծումներն ու սադրիչ գործողությունները։

Ակնհայտ է, որ, օգտվելով առիթից, Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ռուսական խաղաղապահ առաքելությունը և հասնել Արցախի հայաթափմանը։

Կտրուկ մերժելի համարելով Հայաստանի իշխանությունների ցուցաբերած անգործությունն ադրբեջանական հանցավոր այս վարքագծի նկատմամբ, անընդունելի համարելով միջազգային հանրության կրավորական կեցվածքը՝ փաստենք, որ համապատասխան արձագանքի բացակայությունը քաջալերում է  Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը եւ խրախուսում Արցախի Հանրապետության վրա ռազմաքաղաքական ճնշման սաստկացումը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը, զորակցություն հայտնելով Արցախի Հանրապետությանն ու Արցախի ժողովրդին, ուղերձ է հղում՝

1. միջազգային մարդասիրական կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը եւ ճնշում բանեցնել Ադրբեջանի կառավարության վրա՝ վերջ տալու Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառվող ահաբեկչական գործելակերպին,

2. Սփյուռքի հայկական կազմակերպություններին, մեր հայրենակիցներին, Արցախի բարեկամների «Պրո Արցախ» միջազգային ցանցի մասնակիցներին, բարի կամքի տեր անձանց՝ դիմել իրենց կառավարություններին՝ պահանջելով Ադրբեջանից՝ դադարեցնել խաղաղ բնակչության դեմ թշնամական գործողությունները։

Այս ծանրագույն պայմաններում․

1.  Հայաստանի կառավարությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի՝ իր ստանձնած հանձնառությունն իրացնելու համար,

2. Ազգային ժողովը պետք է  անհապաղ հրավիրի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ՝ Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի և ռազմաքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ գործնական քայլեր քննարկելու և ձեռնարկելու համար։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

15.03.2022 թ․