Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է և մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Արցախի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Արցախյան հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:
Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ: