Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով՝ 50 մլն դրամի չափով, իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ մնաց։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը, իսկ մյուս ամբաստանյալների մասով բողոքները՝ մերժել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարնը մի քանի անագմ մերժել է Տոնոյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունները:
Նշենք, որ գործով ներգրավված նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահել ու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։
Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյաները պահանջում էին նախաքննության ընթացքում հրթիռները փորձարկելու միջոցով հիմնավորել դրանց՝ անպիտան լինելը։