Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։
Նախորդ նիստին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդեցին միջնորդությունը՝ հայտարարելով, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման։ Եզրափակիչ ելույթում Վազգեն Ռշտունու ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննության ընթացքում վարույթի հարուցման օրինականության հետ կապված մտահոգությունները ոչ միայն չփարատվեցին, այլ՝ ավելի ամրապնդվեցին, ինչը բավարար է, որ ԲԴԽ֊ի կողմից միջնորդությունը մերժվի։ Մելիքյանի խոսքով՝ իրավունք ունեն համարելու, որ վարույթն ուղղորդված է։ Փաստաբանն ընդգծեց, որ փաստերի հիման վրա ստեղված ուսումնասիրությունը նախարարությունը ունակ չեղավ ներկայացնելու։ Չի հստակեցվել նաև, թե ինչու է ուսումնասիրությունն իրականացվել կոնկրետ տվյալ ժամանակահատվածում։