կարևոր
3667 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-13 17:40

Ոչ ոք դա տարօրինակ չպետք է համարի. մենք Ադրբեջանի հետ խորհրդակցում և համակարգում ենք ամեն մի հարց. Չավուշօղլու

Ոչ ոք դա տարօրինակ չպետք է համարի. մենք Ադրբեջանի հետ խորհրդակցում և համակարգում ենք ամեն մի հարց. Չավուշօղլու

Հայաստանը պետք է դրական արձագանքի Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրին, քանի որ այն բոլորի համար ձեռնտու կլինի։ Անթալիայում տեղի ունեցող համաժողովի փակմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Սակայն դրա համար Հայաստանն էլ պետք է նույն ըմբռնումն ունենա։ Պատերազմն ավարտվել է, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն ու բանակցեն, իմ կարծիքով՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում երրորդ կողմ չպետք է լինի։ Եթե անհրաժեշտ լինի, մեզ հետաքրքրող ինչ-որ բան լինի, իհարկե կաջակցենք»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ իրենք կողջունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ցանկացած քայլ՝ հավելելով, որ նույնիսկ բանակցություններ սկսելը կարևոր քայլ կլինի: 

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Ադրբեջանին ու Հայաստանին առաջարկել են համապարփակ խաղաղության համաձայնագիր՝ ընդգծելով, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռնարկվելիք յուրաքանչյուր քայլի:

Հայտարարելով, որ գործընթաց է իրականացվում նաև Հայաստանի հետ՝ Չավուշօղլուն ասել է.

«Մենք Ադրբեջանի հետ կխորհրդակցենք ամեն հարցի շուրջ, կհամակարգենք մեր ձեռնարկած քայլերը Ադրբեջանի հետ։ Ոչ ոք դա տարօրինակ չպետք է համարի։ Մենք երկու պետություն ենք, բայց մեկ ազգ ենք, սա շատ բնական է, հաջորդ գործընթացում այսպես կլինի, ևս մեկ անգամ ուզում էի շեշտել»,- ասել է թուրք նախարարը: 

Չավուշօղլուն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երեկ կայացած հանդիպմանն ու նշել, որ այն չափազանց արդյունավետ է եղել։

Բացատրելով, որ խոսվել է այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա հարաբերությունների լիարժեք կարգավորման համար, Չավուշօղլուն ասել է. «Մենք ասացինք, որ ակնկալում ենք, որ Հայաստանը դրական պատասխան կտա Ադրբեջանի խաղաղ համաձայնագրի առաջարկին, և որ դա ձեռնտու կլինի բոլորին»։ 

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Անթալիայում, թուրքական դիվանագիտական  ֆորումի շրջանակներում, փակ դռների ետևում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն վերահաստատել են երկու կողմերի պատրաստակամությունը շարունակել նորմալացման գործընթացը հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի։ 

Իսկ երեկ Ադրբեջանը հայտարարել է, որ եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, ապա պետք է անհապաղ պատասխանի Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետից բաղկացած փաստաթղթին. «Մեկ էջանոց փաստաթուղթն ուղարկվել է Հայաստան, և սպասում ենք պատասխանի: Մեր տեսակետները թվարկված են այդ հինգ կետում»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: