Այսօր՝ մարտի 13-ին ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱԺ հատուկ նիստում ստանձնեց նախագահի պարտականությունները։ Մարզահամերգային համալիրում կայացած հանդիսավոր արարողությանը նա երդվեց ՀՀ սահմանադրության և Սուրբ գրքի վրա։
«Երդվում եմ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում», - իր խոսքում ասաց նախագահը։
Խաչատուրյանն իր ելույթում նկատեց՝ այսօր ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնում է Հայաստանի ապագայի համար կարևոր մի ժամանակահատվածում, երբ երկիրը գտնվում է տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում: «Մենք ականատեսն ենք արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձությունների, որոնց արդյունքում գործող համաշխարհային անվտանգության համակարգերը վերափոխվում են: Այսօր մեզ առավել քան երբևէ հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն, միաբանություն»,- ասաց ՀՀ նախագահը:
Վահագն Խաչատուրյանը իր նախագահական խոսքում հիշեց նաև «նախկիններին».
«Հանրային կառավարման արդյունավետությունը, պետական համակարգերի փոխհամագործակցությունը խիստ կարևոր են կայացած երկրի համար։ Եթե պետական ինստիտուտները գործում են սահմանադրությունից դուրս, պետությունը դառնում է մի խումբ մարդկանց շահերը սպասարկող։ Ցավոք սրտի, այս ամենի ականատեսը ու մասնակիցը ոչ վաղ անցյալում եղել ենք մենք», - ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով` 2018-ի հեղափոխությունից առաջ Հայաստանում տիրող մթնոլորտը հոռետեսություն էր ներարկել մարդկանց մեջ։
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով մարտի 3-ին ընտրեց հանրապետության 5-րդ նախագահին: Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել նախագահի ընտրությանը. նրանք ավելի վաղ հայտարարել էին նաեւ թեկնածու չառաջադրելու մասին։
Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ`0 պատգամավոր: Երկրի նախագահն ընտրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, ընդդիմությունը չի մասնակցել նախագահիընտրությանը և չի առաջադրել թեկնածու:
Սա ՀՀ նախագահին ընտրելու երկրորդ փուլն էր։ Երեկ` փետրվարի 2–ին, կայացավ նախագահի քվեարկությունը, որի արդյունքների մասին 69 կողմ ձայնով Խաչատուրյանը չէր ընտրվել։
Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՜ Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել հունվարի 23-ին։
Վահագն Խաչատուրյանը 90-ականներից ի վեր համարվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: Խաչատուրյանը 2006թ.-ին ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ. եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։