Մարտի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Հանդիպման ընթացքում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները ներկայացրել են վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների հետևանքով Արցախում տիրող իրավիճակը, մտքեր են փոխանակել հումանիտար ճգնաժամից ելք գտնելու հնարավորությունների շուրջ:
Երկուստեք մտահոգության առարկա է դարձել ՀՀ իշխանությունների՝ Արցախի նկատմամբ դրսեւորած անտարբեր կեցվածքը։ Վանեցյանը տեղեկացրել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը առաջիկայում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ՝ «ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և նախատեսվում է այդ կապակցությամբ կազմակերպել լսումներ, որին հրավիրվելու են Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցության անդամները մտահոգություն են հայտնել Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հարաբերությունների բացակայության մասին՝ հատկապես շեշտելով, որ հակառակ Արցախի Ազգային ժողովում բարձրացված մտահոգությանը՝ 44-օրյա պատերազմից հետո մինչ այժմ որևէ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չի գումարվել: