կարևոր
3307 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-12 14:11

Միրզոյանը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո, հայտարարություն է արել

Միրզոյանը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո, հայտարարություն է արել

Այսօր Անթալիայում, թուրքական դիվանագիտական  ֆորումի շրջանակներում, փակ դռների ետևում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հատկանշական է, որ հանդիպմանը մասնակցում է այսպես կոչված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի թուրք ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: 

ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն վերահաստատել են երկու կողմերի պատրաստակամությունը շարունակել նորմալացման գործընթացը հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի։ 

Հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում:

«Մենք շարունակելու ենք անվերապահ շփումները երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Միրզոյանը և հավելել.

«Կարծում եմ՝ հրավերը բավականին դրական ուղերձ էր և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին։ Հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի։

Մեր երկու ներկայացուցիչները աշխատում են այդ ուղղությամբ։ Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ  խաղաղ և կայուն տարածաշրջան, կա»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Իր հերթին Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպումը կառուցողական է անվանել.

«Մեր հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական էր: Նախագահ Էրդողանի և վարչապետ Պաշկինայի դրական ուղերձներից հետո հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել, նշանակվել են հատուկ բանագնացներ: Հատուկ բանագնացները երկու անգամ հանդիպել են Մոսկվայում և Վիեննայում: Նրանք քննարկում են քայլերը կարգավորել հարաբերությունները, մենք այսօր նույնպես դա քննարկել ենք»,- ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Անթալիայի, այսպես կոչված, դիվանագիտական ֆորումը բացառապես թուրքական նախագիծ է, որը հիմնադրվել է Էրդողանի կողմից։ Այդ ֆորումի առաջին հավաքը տեղի է ունեցել անցյալ տարի: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների ներկայացուցիչներ են և/կամ եվրոպական և ամերիկյան ինչ-որ ժամանակի դիվանագետներ, որոնք անթաքույց թուրքական լոբբիի ներկայացուցիչներ են։ Օրինակ, անցյալ տարվա Ֆորումին մասնակցել է տխրահռչակ Մեթյու Բրայզան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո զբաղված էր Թուրքիայի շահերի պաշտպանությամբ։ Ֆորումի մասնակիցների՝ թե՛ անցյալ տարվա, թե՛ այս տարվա ճնշող մեծամասնությունը մեծ բերկրանք է ապրել 44-օրյա պատերազմի արդյունքներով, պաշտոնական շնորհավորանքներ հղել Ալիևին։ Ֆորումը նախաձեռնել և ստեղծել է անձմաբ Էրդողանը։ Ֆորումն ամեն ինչ կարելի է անվանել, բայց ոչ՝ միջազգային. այն մաքուր պրոթուրքական և միջթուրքական ֆորում է: