կարևոր
3031 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-11 19:05

Արցախում թշնամու կրակոցներն անտեսելով՝ իշխանությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից է խոսում

Արցախում թշնամու կրակոցներն անտեսելով՝ իշխանությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից է խոսում

Մեկ շաբաթից ավել Արցախում տիրող խիստ լարված իրավիճակի ֆոնին, երբ ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի ականանետեր է արձակում Արցախի գյուղերի վրա, երբ թշնամին սպառնում է արցախցիներին իրենց հայրենի գյուղից դուրս հանել, խոչընդոտում է Արցախ մտնող գազատարի վերանորոգումը, երբ Արցախի Խորհրդարանն ահազանգում է հումանիտար աղետի մասին, Մարդու իրավունքների պաշտպանը, Արցախի արտգործնախարարությունը բարձրաձայնում են ադրբեջանական կողմի հայատյացության, նացիզմի և ահաբեկչության դրսևորման մասին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, այս ամենը դատապարտող մեկ բառ անգամ չասելով, խոսում է կրկին խաղաղության պայմանագրից: 

Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Այս մասին այսօր, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան,  ասել է ՀՀ ԱԳ Ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
 
-Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են:

-Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում: