Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը՝ դատախազի բացակայության պատճառով։
Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 14-ին, ժամը 15.15-ին: Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանի խոսքով դատախազը հայտնել էր, որ մասնակցում է դատախազության կոլեգիայի նիստին, ինչպես նաև չի ստացել վերաքննիչ բողոքը.
«Ինչպե՞ս կարելի է կոլեգիայի նիստն ավելի բարձր գնահատել, քան՝ անձի ազատության իրավունքը և չներկայանալ կալանքի նիստին: Դատական նիստը երկրորդ անգամ է հետաձգվում. առաջին դատական նիստը նշանակվել էր փետրվարի 28-ին, ինչի մասին կողմերը ծանուցվել են մարտի 2-ին»,- նշեց Սարդարյանը՝ ընդծելով, որ այդ վարքագիծը ևս ցույց է տալիս, որ դատախազությունն ամեն գնով փորձում է կալանքի տակ պահել Բորիս Բախշիյանին, ինքնանպատակ է այս գործով կալանքի տակ պահելը։
Արսեն Սարդարյանն ասաց, թե Բորիս Բախշիյանի գործն օրինակ է՝ ցույց տալու, որ եթե դատավորն անկախ է աշխատում, անաչառ է, ապա նրա նկատմամբ կիրականացվի այնպիսի գործընթաց, որ դատավորի աթոռից կհայտնվի կալանավորի աթոռին.
«Ուզում են որ դատավորը կաշկանդված լինի նաեւ ենթադրությամբ: Այսինքն եթե դու գործ ունես քո վարույթում եւ գտնում ես, որ կարող է այդ որոշումը դատախազության սրտով չլինի, նաեւ իշխող քաղաքական ուժի, ուրեմն այնպես գործիր, որ քո որոշումը չհակադրվի դատախազության եւ քաղաքական ուժի ցանկություններին: Հակառակ դեպքում քո նկատմամբ կիրականացվի այնպիսի գործընթաց, որ դատավորի աթոռից կնստես կալանավորի աթոռին, այսինքն կհայտնվես ՔԿՀ-ում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։ Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։
Փետրվարի 16-ին Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը մերժվել է։