կարևոր
2551 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-11 11:44

Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցման նոր կարգ է քննարկվում

Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցման նոր կարգ է քննարկվում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգի և մասնագիտությունների ցանկի փոփոխության նախագծերը:

Առաջարկվող նոր կարգավորումներով հստակեցվել են եկամտային հարկի գումարների վերադարձի համար դիմելու ժամկետները, ինչպես նաև նախատեսվել է անմիջապես բուհին դիմելու պարտավորություն՝ ի տարբերություն դեռևս գործող կարգավորման, երբ ուսանողը դիմում է ՊԵԿ:

Սահմանվել է, որ ուսանողներն իրենց կողմից վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնում են բուհի ռեկտորին: Հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունը ավարտելուց հետո դիմումները և փաստաթղթերը պետք է բուհի ռեկտորին ներկայացվեն սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ, ըստ նախագծի, եթե սահմանված ժամկետներում ուսանողը բուհում դիմում չի ներկայացնում, ապա կարող է դիմել հաջորդող երկու տարիների ընթացքում:

Ուսանողների տվյալները հավաքագրելուց հետո բուհերը դրանք սահմանված ձևաչափով ներկայացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Նախարարությունը փաստաթղթերի ուսումնասիրությունից և ուսման վարձի փոխհատուցման իրավունքի հաստատումից հետո համապատասխան տեղեկատվությունը (փաթեթը) ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտե՝ փոխհատուցման նպատակով: Եկամտային հարկը վերադարձվում է ուսանողի կողմից փաստացի վճարված ուսման վարձի գումարի չափով:

Առաջարկվող նոր ընթացակարգը հնարավորություն կտա հարկային մարմիններին խուսափելու ռեսուրսների և աշխատաժամանակի հավելյալ ծախսից՝ հաշվի առնելով, որ եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքի հավաստիության համար ՊԵԿ-ը ստիպված էր լինում ուսումնասիրել փաստաթղթերը և դրանց առնչվող հանգամանքները, կատարել հարցումներ և այլն: Նախկինում գործող կարգավորումը, նշված հանգամանքներով պայմանավորված, որոշակի խնդիրների և տարընկալումների տեղիք էր տալիս:

Մասնավորապես, տարընկալումները վերաբերում են ուսումնական տարվա տևողության հաշվարկներին: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը սահմանվում են ուսումնական պլաններով և հաճախ, կախված կրթական ծրագրից, դրանք տարբեր են:

Ընդունվելուց հետո կարգը կտարածվի նաև մինչև նոր որոշման՝ ուժի մեջ մտնելը եկամտային հարկի վերադարձի համար հարկային մարմին դիմած ուսանողների վրա: Նրանց համար կկատարվի վերահաշվարկ:

Եկամտային հարկից ուսման վարձավճարի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար առաջարկվում է հաստատել մասնագիտությունների նոր ցանկ, որում ընդգրկված են արվեստի, կրթության, բնագիտամաթեմատիկական, հումանիտար, սոցիալական, ՏՀՏ, գյուղատնտեսության և այլ ոլորտների նոր մասնագիտությունները:

Նշենք, որ կարգը տարածվում է Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ նշված ցանկի մասնագիտություններից որևէ մեկով մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորողների վրա: