Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Արցախի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, մասնավորապես, սահմանազատման գործընթացի մեկնարկի, տարածաշրջանում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ հանդիպման շուտափույթ անցկացման ուղղությամբ։
Նախարարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման հետագա քայլերը, որը ստորագրվել է այս տարվա փետրվարի 22-ին երկու երկրների ղեկավարների կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Բացի այդ, կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի։