կարևոր
3286 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-10 21:13

Պոլիտեխնիկի Եղեգնաձորի մասնաճյուղում այս տարի ընդունելություն չի լինի

Պոլիտեխնիկի Եղեգնաձորի մասնաճյուղում այս տարի ընդունելություն չի լինի

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի: Որոշումն ընդունվել է համալսարանի գիտխորհրդի` 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետեւանքով առաջացած խնդիրների եւ ԲՈւՀ-ի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Վայոց ձորի մարզպետարանից, Եղեգնաձոր համայնքից, ՀՊՏՀ-ի դասախոսներ, նախկին եւ ներկա ուսանողներ:

Խոսելով Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման փաստի մասին` Թագուհի Թովմասյանը նշել է, որ ցանկացած կրթական հաստատության փակվելը մարզում վատ հետեւանք է ունենում մարզի բնակիչների համար:

ԲՈւՀ-ի հիմնադիր, առաջին տնօրեն Էդգար Ղազարյանը նշել է, որ մասնաճյուղն ի սկզբանե ստեղծվել է` ելնելով տարածքային համաչափ զարգացման, կրթության հասանելիության տրամաբանությունից:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 400-ից ավելի շրջանավարտների 90 տոկոսն արդեն մշտական աշխատանք ունի: Ստեղծված իրավիճակում Էդգար Ղազարյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել, մասնավորապես` մշակել զարգացման ծրագիր, ինչը կնպաստի մարզում ԲՈւՀ-ի մասնաճյուղի շարունակականության ապահովմանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը նշել է, որ համալսարանի գիտխորհրդի ընդունած որոշումով որեւէ ուսանողի շահ չի ոտնահարվել: Նա ներկայացրել է վիճակագրական տվյալներ` ընդգծելով, որ առկա բակալավրի պլանային տեղերի մոտավորապես 72 տոկոսն այդպես էլ չի համալրվել:

Պատգամավորները, մարզպետարանի ներկայացուցիչները, ուսանողները, շրջանավարտները ու ԲՈւՀ-ի դասախոսներն իրենց ելույթներում առաջարկել են  փնտրել հարցի համակարգային լուծում: Կարեւորվել է կրթական հաստատությունների մասնաճյուղերի գոյությունը մարզերում:

Ամփոփելով քննարկումը` Թագուհի Թովմասյանն առաջարկել է շահագրգիռ կողմին ներկայացնել ԲՈւՀ-ի մասնաճյուղի առողջացման իրատեսական ծրագիր եւ փորձել կարգավորել խնդիրը: