կարևոր
4039 դիտում, 8 ամիս առաջ - 2022-03-10 19:40

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևը

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևը

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը 635 կողմ, 2 դեմ եւ 42 ձեռնպահ ձայներով ընդունեց Արցախում մշակութային ժառանգությանը նվիրված բանաձեւ, որով մի քանի ուղղությամբ խիստ դատապարտում է Ադրբեջանին։

  • Առաջին անգամ Եվրախորհրդարանն իր բանաձևում նշում է «արմենոֆոբիա» եզրույթը:
  • ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հսկայական աշխատանք է տարել՝ հայանպաստ և Ադրբեջանի վանդալիզմը դատապարտող այս բանաձևը նիստ մտցնելու համար։
  • Բանաձևում Եվրախորհրրդարանը դատապարտում է Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և կոչ անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից։
  • Խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը,
  • Փաստում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր,
  • Ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավերելու, բայց նաև պատմության կեղծման և այն որպես, այսպես կոչված, կովկասյան-ալբանական ներկայացնելու միջոցով, և արձանագրում, որ 2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար պատասխանատու աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
  • Ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում,
  • Ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին:
  • Կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ կարգադրությունը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից,
  • Կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար: