կարևոր
3439 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-10 17:58

Արցախի ժողովրդի կյանքը վտանգի տակ է. Եվրախորհրդարանում բարձրաձայնվել է Արցախում տիրող իրավիճակի մասին, ի տարբերություն՝ այսօրվա Կառավարության նիստի

Արցախի ժողովրդի կյանքը վտանգի տակ է. Եվրախորհրդարանում բարձրաձայնվել է Արցախում տիրող իրավիճակի մասին, ի տարբերություն՝ այսօրվա Կառավարության նիստի

Ադրբեջանը անհնարին է դարձնում Արցախի տեղաբնիկների կյանքը, Արցախի ժողովրդի կյանքը վտանգի տակ է: Եվրախորհրդարանում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի  նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը:

Նիդերլանդցի պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը մտածում է միայն իր և իր ընտանիքի  բարեկեցության մասին՝ իրենց կարողությունը հասցնելով միլիարդավոր դոլարների, բայց միաժամանակ կոպտորեն ոտնահարելով մարդկանց իրավունքները Ադրբեջանում և Արցախում:

«Նրանց հարստությունը հասնում է միլիարդավոր դոլարների, և Ադրբեջանում տեղի է ունենում այն, ինչ սովորաբար անում են բոլոր բռնակալները՝ կոռուպցիա, քաղաքական հակառակորդների հետապնդումներ, մարդու իրավունքների խախտումներ: Բայց սա ամենը չէ, քանի որ Ադրբեջանը անհնարին է դարձնում Արցախի տեղաբնիկների կյանքը, անգամ այս շաբաթ հրետանային կրակոցներ են, անգամ այս շաբաթ փակվում է գազատարը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է և այդ վտանգը օր-օրի ավելանում է», - հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավորը:

 Պետեր վան Դալենը հիշեցրել է, որ մինչ օրս Արցախում շատ անհետ կորածներ կան, որ այդպես էլ չեն հայտնվել կամ չեն վերադարձել:

«Մենք կարող ենք ասել, որ նախագահ Ալիևի օրոք Արցախի ժառանգությունը ոչնչացվում է, համակարգված ձևով ավերվում է. ոչնչացվում են եկեղեցիները, պատմական շինությունները, հուշարձանները, հրապարակները: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը ոչնչացվում է ամբողջությամբ: Եվրախորհրդարանը միաձայն է՝ ըստ էության, բոլորս էլ համաձայնել ենք և մենք հստակորեն ասում ենք, որ մենք դատապարտում ենք Ադրբեջանի բռնությունը և մենք նաև դատապարտում ենք Բաքվի կառավարության հայատյացությունը», - ընդգծեց Պետեր վան Դալենը՝ նաև կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ՝ իրավիճակի լրջությունը ստուգելու համար:

«Պարոն նախագահող, մենք աղոթում ենք փոփոխությունների համար, մենք աղոթում ենք ազնվության, արդարության համար և մենք պայքարում ենք այն ռեժիմների դեմ, որոնք կործանում են մարդկանց կյանքը», - հավելել է վան Դալենը:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը:

Բանաձևի նախագծում նշվում է, որ Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր, ինչպիսիք են Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը: Նաև ընդգծվում է, որ Հեյդար Ալիևի և ավելի ուշ նրա որդու՝ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը ոչնչացրել է մինչև 100 հայկական եկեղեցի, հազարավոր խաչքարեր, տասնյակ հազարավոր տապանաքարեր և մշակութային ժառանգության այլ օբյեկտներ Նախիջևանում: Ըստ բանաձևի՝ դա վկայում է հայկական մշակութային ժառանգության հնարավոր ճակատագրի մասին նաև Արցախում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են Նախիջևանի շրջանում հայկական մշակութային վայրերի առկայությունը: