Հայաստանում կապիտուլիացիոն իշխանության պարագլուխն այսօր հպանցիկ անդրադարձել է իր կողմից Ադրբեջանի հայեցողությանը թողնված հայկական Արցախի վրա թշնամական երկրի կողմից վերջին օրերին կազմակերպված հերթական հարձակմանը։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է այսօր կառավարության նիստին Փաշինյանի արած հայտարարությանը.
«Ահա այդ մեջբերումը. «Այս պահին սակայն ես որեւէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու եւ կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։
Ինչպես տեսնում եք, նաև հռետորաբանության մակարդակում ՀՀ դե ֆակտո վարչապետը նշում է, որ չի կարող գնահատական տալ Արցախում տեղի ունեցողին, քանի որ իր իսկ կառուցած նոր իրականությունում իր գլխավորած խմբավորումը Արցախը չի համարում անկախ սուբյեկտ, այլ միայն Ադրբեջանի մի մասը ու հենց այս սկզբունքով է բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանի» անհեթեթ օրակարգով։ Նման իրավիճակի համար մեղավոր չեն արտաքին այս կամ ուժերը, այլ միմիայն ՀՀ իշխանությունը զավթած հակաՀայաստանյան խմբավորումը։
Առանց անկարողունակ այս ուժի հեռացման Հայաստանը զարգացման որևէ երաշխիք չունի, լինի դա Արցախում, Սյունիքում, թե Երևանում»,- ամփոփում է Գեղամյանը։
Հիշեցնենք, որ արդեն 3 օր Ադրբեջանն արցախում ռմբակոծում է խաղաղ բնակավայրերը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում թշնամին 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։
Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։
Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։