կարևոր
4258 դիտում, 8 ամիս առաջ - 2022-03-10 14:03

Ընդհանուր ժողովը շեշտավորեց իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը. Հակոբ Տեր-Խաչատուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

34-րդ ժողովը կմնա մեր պատմության մեջ ոչ միայն որպես Ընդհանուր ժողով, այլ նաև Արտակարգ ժողով, որովհետև գումարվում էր աննախադեպ սրված և լարված իրավիճակում: ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը ժողովից հետո առաջին մամուլի ասուլիսը տվեցին այսօր: 

«Ժողովը հաստատեց այդ իրավիճակը, նաև նշեց, որ անցնող 3 տարիները մեր նորագույն պատմության մեջ դժվարագույն տարիներ էին, մեծ մարտահրավերների առջև դրեց ամբողջ հայ ժողովրդին Հայաստանում, Սփյուռքում, Ջավախքում և նաև արտասահմանում։ Այդ ցնցումից որ անցավ հայ ժողովուրդը, ստեղծեց հուսալքության ալիք և նաև պարտված հոգեբանություն, որ պետք է թոթափել, ամեն գնով փակել այդ էջը, վերագտնել վճռականությունը և գնալ առաջ, որովհետև մեզ նույնքան դժվար տարիներ են սպասվում, որոնք կարող են ճակատագրական լինել թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի պարագայում»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նաև նշեց, որ Ընդհանուր ժողովը շեշտավորեց իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը, որը, դժբախտաբար, առաջնորդվել է և տակավին շարունակում է առաջնորդվել հավելյալ պառակտումներով։ Իշխանությունների պաշտոնական քաղաքականության մաս է կազմում, ասաց նա, այդ պառակտումը տեղափոխելը Սփյուռք, ինչը շատ մտահոգիչ է, որովհետև մեր առջև եղած մեծ մարտահրավերներին դիմակայելը միասնականություն և ուժերի լարում է պահանջում։

«Կասկած չկա, որ տարածաշրջանում չափազանց ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, հիմա Թուրքիան կարողացել է իրականացնել իրազանքների մի մասը, որը թափանցումն էր Հարավային Կովկասից ներս, այդ ուղղությամբ Թուրքիայի ախորժակը սրված է և այս ֆոնի վրա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցին պետք է մոտենալ չափազանց զգուշավորությամբ՝ դա երբեք չպետք է լինի ի վնաս մեր համահայկան շահերի»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Հայաստանին և հայությանը սպառնացող վտանգներն այն աստիճանի ծանր են և ծավալն այնքան է մեծացած, որ այստեղ իսկապես խոսքը մեր լինելիության հետ կապված հարցերի առումով մեր գործողությունների մասին է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց, որ Դաշնակցությունը, իր առաքելությանը համապատասխան, լինելով այն բաց ներվը զգացող կուսակցությունը, թե որտեղից են գալիս մեր հիմնական վտանգները, հստակ արձանագրում է, որ իրականում մենք կանգնած ենք շատ օրհասական խնդիրների լուծման հրամայականի առջև։

Մենք ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին լրջագույն վտանգներ, ասաց նա, և, բնականաբար, խնդիր ունենք թույլ չտալու, առնվազն կասեցնելու այնպիսի զիջումները, որոնք կենսական նշանակություն կունենան մեր ապագայի համար։

«Զիջումների «կարմիր գծերը» չարձանագրելու պարագայում մենք իսկապես Արցախը և Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք․ սա չափազանցություն չէ, սա իրական վիճակի վերլուծություն է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նշենք, որ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը, որն ընտրել է նոր բարձրագույն մարմին՝ Բյուրո։ Աշխարհի շուրջ 30 երկրից ժամանած 100 պատվիրակ քննարկել և արժևորել է համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը հրապարակել է իր հայտարարությունը։