կարևոր
3226 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-10 14:06

Ռուսաստանյան անշարժ գույքի բռնագրավումը փոխադարձ բացասական հետեւանքներ կունենա. Ռուսաստանն իր «սեւ ցուցակն» է կազմում

Ռուսաստանյան անշարժ գույքի բռնագրավումը փոխադարձ բացասական հետեւանքներ կունենա. Ռուսաստանն իր «սեւ ցուցակն» է կազմում

Ռուսաստանում oտարերկրյա ընկերությունների «սեւ ցուցակ է» կազմվում: Դաշնության կառավարություն եւ Գլխավոր դատախազություն է ուղարկվել այն oտարերկրյա ընկերությունների ցանկը, որոնք կարող են հետագայում ազգայնացվել:

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, ցուցակը պատրաստել է «Հասարակական սպառողական նախաձեռնություն» կազմակերպությունը: Դրանում ներառվել է 59 ընկերություն, որոնք հայտարարել են Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին՝ առանց սպառողներին երաշխիքներ տրամադրելու։

Փաստաթղթում արդեն հայտնվածների թվում են՝ Volkswagen-ը, Apple-ը, IKEA-ն, Microsoft-ը, IBM-ը, Shell-ը, McDonald's-ը, Porsche-ը, Toyota-ն, H&M-ը եւ այլն։

«Հասարակական սպառողական նախաձեռնության» ղեկավար Օլեգ Պավլովը նշել է, որ ցանկը կընդլայնվի՝ կախված oտարերկրյա բիզնեսի նոր հայտարարություններից։

«Այս ցանկի պատրաստման աշխատանքներին կներգրավվեն նաեւ իրավապահ մարմինները, Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունն ու «Ռոսպոտրեբնադզորը»՝ յուրաքանչյուրն իր իրավասության մասով։ Բնականաբար, ցուցակը բաց է։ Հենց հայտնվեն ընկերություններ, որոնք կհայտարարեն հեռանալու մասին՝ առանց ռուսաստանցի սպառողներին երաշխիքներ տրամադրելու, դրանք կհայտնվեն ցուցակում։ Ըստ այդմ, դրանց նկատմամբ կկիրառվեն վարչական, քրեական եւ դատական ընթացակարգեր»,- ասել է Պավլովը։

Նրա խոսքով՝ քաղաքացիների, պետության եւ կոնտրագենտների նկատմամբ այդ ընկերությունների պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 6 տրիլիոն ռուբլի։ «Հենց այս գումարին է հավասար է վերջին երեք տարիներին Ռուսաստանում դրանց հասույթը»,- ասել է կազմակերպության ղեկավարը։

Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կրեմլն այս հարցում ձեւավորված դիրքորոշում չունի։ Միաժամանակ, նա նշել էր, որ կառավարության շտաբում մշակվում են պատժամիջոցներին արձագանքելու բոլոր տարբերակները։

Այսօր ավելի ուշ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա ձեռնարկությունների հնարավոր ազգայնացումը եւ ԵՄ-ում ու ԱՄՆ-ում ռուսաստանյան անշարժ գույքի բռնագրավումը փոխադարձ բացասական հետեւանքներ կունենան։