կարևոր
4603 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-10 13:04

Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախից չի տեղափոխվում. Անվտանգության խորհուրդը հորդորում է չանսալ ադրբեջանական սադրանքներին

Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախից չի տեղափոխվում. Անվտանգության խորհուրդը հորդորում է չանսալ ադրբեջանական սադրանքներին

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրնակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։

Արցախի անվտանգության խորհուրդը շեշտում է, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։

Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը:

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների:

Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ 

Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։

ԱՀ Անվտանգության խորհուրդ