2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցավ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրից ժամանած 100 պատվիրակ քննարկեց և արժևորեց համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։
Ժողովն արձանագրեց, որ.
- Ողջ հայությունը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար։
- ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին եւ ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։
- ՀՀ իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով եւ ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։
- Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման եւ հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից եւ հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու եւ ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։
- Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանությունները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ.
- Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։
- Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։
- Սփյուռքն իբրեւ գլխավորաբար Հայոց Ցեղասպանության ծնունդ, Արեւմտահայաստանի կորստի արդյունք եւ արեւմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման եւ համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։
- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի եւ համայն հայության օրինավոր եւ անժամանցելի իրավունքների:
- Արցախում ստեղծված նոր կացությունն անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների եւ ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։
- ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։
- ՀՅԴ-ն հավատարիմ Հայ Դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության եւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված Համահայկական Հռչակագրերին։
- Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը:
ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով եւ համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը։
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողով
8 Մարտ, 2022