կարևոր
3631 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-09 21:15

Դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն. ՖՈՏՈՇԱՐՔ

Դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն. ՖՈՏՈՇԱՐՔ

Մարտի 8-ին՝ Բուքինգհեմյան պալատում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի, Նորին Մեծություն, Եղիսաբեթ Երկրորդին:

Հեռավար հանդիպմանը դեսպանը շնորհավորել է թագուհուն գահակալման «պլատինե» հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին Միացյալ Թագավորության արարողակարգի ղեկավար, Մարշալ Ալիսթր Հարիսոնը, Ֆորին Օֆիսի պաշտոնյաներ, ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բրիտանացի խորհրդարանականներ, հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ալիսթր Հարսոնն իր ողջույնի խոսքում շնորհավորել է դեսպանին՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Դեսպան Ներսեսյանն իր ելույթում նշել է, որ այս տարին ՀՀ և ՄԹ համար խորհրդանշական տարի է, քանզի վերջիններս տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, ինչը կարևոր հանգրվան է հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու և համագործակցության հեռանկարային ոլորտներ ուրվագծելու համար:

Այնուհետև դեսպանը հակիրճ ներկայացրել է 3 տասնամյակի ընթացքում երկկողմ փոխգործակցության ձեռքբերումներն ու ապագա անելիքները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ բարձր գնահատելով ՄԹ կառավարության աջակցությունն այդ գործընթացներին: