ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանություն տվեց Առողջապահության նախարարության հեղինակած նախագծին, որով առաջարկում է օրենքով հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը։
Առողջապահության նախարարությունը, մասնավորապես, փոփոխություններ է առաջարկում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագծում և առաջարկում էր հստակ սահմանել՝ թե որոնք են համարվում ծխախոտի փոխարինիչներ: Օրենքում փոփխությունը նախատեսում էր «, նյութի» բառը փոխարինել «խառնուրդ» բառով: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո, նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում ընդունվեց կողմ 65, դեմ 0, 30 ձեռնպահ ձայներով:
Ընդդիմությունը հայտարարել էր, որ ձեռնպահ է քվեարկելու նախագծին:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և Արժույթի միջազգային հիմնադրամից ստացվող վարկային ծրագրի վերաբերող նախագծերը:
Ընդդիմությունը, սակայն, որպես նախարարության աշխատանքի թերացում գնահատեց հարցի հրատապ ներկայացնելը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելություն նշեց, որ
«Հրատապության խնդիրները պետք է որոշվեն առաջնահերթություններից ելնելով, և առաջին հերթին անվտանգությունն է մեր հրատապությունը» ,- ընդգծեց Օհանյանը՝ հավելելով, որ Կառավարությունը պետք է պլանավորի իր աշխատանքը.
«Տիկին փոխնախարարը պետք է արձանագրի, որ կարևոր օրենքները, որոնք որ պետք է ներկայացվեն ԱԺ, պետք է պլանավորվեն և ժամանակին ներկայացվեն, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Հրատապությունը ոչ թե այս օրենքի մեջ փոփոխություն կատարելն է, այլ հակածխախոտային ռազմավարությունը: Եթե մենք ծխախոտի դեմ պայքարի ռազմավարություն ունենք, մտածում ենք մեր երեխաների առողջության մասին, ապա ամեն օր պետք է խոսվի դրա մասին»,- ամփոփեց խմբակցության ղեկավարը: