27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ, ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին:
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է, որ իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:
Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները:
Դատախազությունը հրապարակել է նաև Արցախում Ադրբեջանի կրակած արկերի բեկորների լուսանկարները:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր ժամը 14։00֊14։30 սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը, նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ, արձակվել է 4 հատ ական։
Իսկ մարտի 8-ի գիշերը Խրամորթ գյուղի հատվածում թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
Հավելենք, որ Խրամորթի մատույցներում է բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, ադրբեջանցիները փետրվարի 24-ից բնակիչներին սպառնում էին, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ սպառնալիքները մի քանի օր հետո դադարել էին: