կարևոր
3187 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-09 17:02

Ռիչարդ Կիրակոսյան, Ստեփանակերտից ընտրված պատգամավոր, Գուսման...ուշագրավ անուններ Անթալիայի ֆորումի մասնակիցների ցանկում

Ռիչարդ Կիրակոսյան, Ստեփանակերտից ընտրված պատգամավոր, Գուսման...ուշագրավ անուններ Անթալիայի ֆորումի մասնակիցների ցանկում

Մարտի 11-ից 13-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Ռեջեփ Էրդողանի հովանու ներքո Անթալիայում անցկացվելու է դիվանագիտական համաժողովը: Ֆորումի պաշտոնական կայքում հրապարակվել է մասնակիցների ցանկը, որտեղ ուշագրավ անուններ կարելի է գտնել: 

Նախ, չնայած ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշոտանապես հայտարարել է, որ Արարատ Միրզոյանը մասնակցելու է ֆորումին, նրա անունը մասնակիցների ցանկում դեռևս ներառված չէ։ 

Հայերից ներգառված է միայն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա Ֆորումում ներկայանում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն:

Ուշագրավ է նաև ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր խմբագրի մասնակցությունը: Նշենք, որ Միխայիլ Գուսմանն ազգությամբ ադրբեջանցի է: 

Ցանկում դեռևս բացակայում են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների անունները, չնայած ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ծրագրվում է շփում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ:

Ֆորումի մասնակիցների ցանկում որպես Ստեփանակերտից ընտրված Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր է ներկայանում Թուրալ Գանջալիևը: Նա նաև այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահ է իրեն հռչակում:

Ֆորումի մասնակիցներից են նաև նշվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Նշենք, որ Անթալիայի, այսպես կոչված, դիվանագիտական ֆորումը բացառապես թուրքական նախագիծ է, որը հիմնադրվել է Էրդողանի կողմից։ Այդ ֆորումի առաջին հավաքը տեղի է ունեցել անցյալ տարի: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների ներկայացուցիչներ են և/կամ եվրոպական և ամերիկյան ինչ-որ ժամանակի դիվանագետներ, որոնք անթաքույց թուրքական լոբբիի ներկայացուցիչներ են։ Օրինակ, անցյալ տարվա Ֆորումին մասնակցել է տխրահռչակ Մեթյու Բրայզան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո զբաղված էր Թուրքիայի շահերի պաշտպանությամբ։ Ֆորումի մասնակիցների՝ թե՛ անցյալ տարվա, թե՛ այս տարվա ճնշող մեծամասնությունը մեծ բերկրանք է ապրել 44-օրյա պատերազմի արդյունքներով, պաշտոնական շնորհավորանքներ հղել Ալիևին։ Ֆորումը նախաձեռնել և ստեղծել է անձմաբ Էրդողանը։ Ֆորումն ամեն ինչ կարելի է անվանել, բայց ոչ՝ միջազգային. այն մաքուր պրոթուրքական և միջթուրքական ֆորում է: