Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը կշարունակի քննել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի, Ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի խափանման միջոցի հարցը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների ներկայացրած՝ ինքնաբացարկի միջնորդությունը։
Ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրվել է մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մտահոգությունները։ Միջնորդությունը մերժելուց հետո դատարանն անցել է վերաքննիչ բողոքների բուն քննությանը։ Պաշտպանները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ նրանց ազատ արձակելու որոշում կայացնել։
Դատարանը այսօր քննել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի որպես «Պատրոն Դավո»), ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու մասին միջնորդությունները։
Քննությունը կշարունակվի վաղը՝ 15։30-ին։
2021 թվականի սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարնը մի քանի անագմ մերժել է Տոնոյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունները:
Նշենք, որ գործով ներգրավված նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահել ու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։
Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյաները պահանջում էին նախաքննության ընթացքում հրթիռները փորձարկելու միջոցով հիմնավորել դրանց՝ անպիտան լինելը։