կարևոր
2941 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-09 15:49

Պատերազմն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկն արմատապես տարբեր է. «Հայաստան» խմբակցությունը շրջանառել է նախագիծը

Պատերազմն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկն արմատապես տարբեր է. «Հայաստան» խմբակցությունը  շրջանառել է նախագիծը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողով ստեղծել։ Ընդդիմադիր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը։ 

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովն ըստ «Հայաստան» խմբակցության առաջարկի, պետք է լինի ինքնավար մարմին, որն ուսումնասիրելու է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առնչվող դեպքերն ու իրադարձությունները:

«Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովը բարձրացված խնդիրների առումով շատ ավելի համապարփակ է, քան իշխանության պահանջով ստեղծվածը։ Նոր քննիչ հանձնաժողովի կարգավիճակը, կազմը արմատապես տարբերվում է արդեն ստեղծված հանձնաժողովից»,- հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Խմբակցությունն առաջարկում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն անկախ լինի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից։

Հանձնաժողովը կազմված է 9 անդամից. 4-ին առաջադրելու իրավունք ունի իշխանությունը, 4-ին՝ ընդդիմությունը, 1-ին էլ՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը: Իսկ հանձնաժողովի նախագահ եւ նախագահի տեղակալին ընտրելու են հանձնաժողովի կազմից՝  հանձնաժողովի գործունեության ժամկետով, բայց ոչ ավելի, քանի 2 տարի ժամկետով։

Նախագծերի փաթեթը սահմանում է, որ հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

Ազգային ժողովի իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունները հանձնաժողովի առնվազն մեկական անդամի թեկնածությունն առաջադրվում է.

1) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկվող թեկնածուներից,

2) այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք մասնակցել են Հայաստանի Հանրապետության վերջին համապետական ընտրություններին,

3) Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցության հիման վրա, որոնց կանոնադրական նպատակներից է պետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ զոհված, վնասվածքներ ստացած, գերեվարված եւ/կամ ռազմական գործողությունների հետեւանքով այլ կերպ տուժած անձանց հիմնախնդիրներով զբաղվելը, եւ որոնք առնվազը վերջին մեկ տարին իրականացնում են նման գործունեություն:

 «Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Այսինքն՝ հանձնաժողովի անդամները չեն կարող պատգամավորներ լինել, նրանք լինելու են բարձր պատրաստվածությամբ մասնագետներ, որոնք պետք է անկախ լինեն իշխանությունից, ինչպես նաեւ ընդդիմությունից։ Կաշկանդվածությունը բացառող մեխանիզմներ ենք առաջարկել, որը հանրության համար լեգիտիմ եզրակացություն կարող է տալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ»,- նշեց  Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ 6 ամիսը մեկ հանձնաժողովը պետք է միջանկյալ եզրակացություն ներկայացնի Ազգային ժողովին,

Հանձնաժողովի անդամների թեկնածության առաջադրման առումով կան սահմանափակումներ։ Օրինակ, հանձնաժողովի անդամ չի կարող առաջադրվել  այն անձը, որը պատերազմի ընթացքում չի զբաղեցրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված զինվորական ծառայության բարձրագույն սպայական կազմի կամ ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչումով հիմնական պաշտոն, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դիվանագիտական պաշտոն, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոն»:

Հիշեցնենք, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է պատերազմը քննող հանձնաժողովը, որի լիազորություններն իրականացնում է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: 

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարությամբ նշել են, որ չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Ընդդիմադիրները պնդում են, որ գործող իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել, օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է պատերազմ։