Մարտի 9-ին` ժամը 15:30-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Օրակարգում Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի մարտի 9-ին գումարված արտահերթ նիստի օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկված օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու մասին.
Հիշեցնենք, որ այսօր, Կառավարության նախաձեռնությամբ, ԱԺ-ի հրատապ քննարկմանն է ներկայացվել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:
Նիստի սկզբին Առողջապահության փոխնախարար Նանուշյանը փորձեց հիմնավորել, թե ինչի է հարցը հրատապ, սակայն ընդդիմադիրների հարցերին չկարողացավ լիարժեք պատասխան տալ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցողից, որ եթե հրատապությունը կար, ինչո՞ւ հարցը չներառվեց նախորդ լիագումար նիստերի օրակարգ․ ի պատասխան փոխնախարարը նշեց, որ հնարավոր է խոչընդոտներ են եղել, բայց մանրամասն հարցին կպատասխանի իր գործընկերը ։ Արձագանքելով փոխնախարարին Արթուր Խաչատրյանը նշեց․
«Տիկին Նանուշյան, օրակարգի հարցի զեկուցողն եք, եթե անդրադառնում եք հարցին, պետք է կարողանայիք լիաժեք պատասխանել»։
«Ձեր դիտողությունն իմ հանդեպ ընդունված է, հաշվի կառնեմ և հաջորդ ելույթի ժամանակ պատրաստված կլինեմ»,-արձագանքեց Նանուշյանը։
Իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ասաց, որ փոխնախարարը չի տիրապետում նախագծի հրատապության հարցին, և որևէ հիմնավորում չբերվեց, թե ինչու է այս նախագիծը հրատապ: Ավելին, ասաց պատգամավորը, որ շրջանցվել է տնտեսական հարցերի հանձնաժողովը:
Հրատապությամբ նիստի օրակարգ ներառելու քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց.
«Քվեարկության արդյունքներն օրենքի նախագծին և ծխելու արգելքներին չեն վերաբերում: Այս քվեարկությամբ պատգամավորները դիրքորոշում են, թե ինչու առողջապահության նախարարությունն իր աշխատանքներում չպետք է թերանա և այսպես հևիհեև օրենքի նախագիծ բերի»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ որևէ մեկը աշխատանքից չի վախենում, չի խուսափում:
«Այսպիսի հրատապության նախագծի փոխարեն, այսօր Ազգային ժողովում շատ ավելի ակտիվ պետք է քննարկվեր Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը. գազատարը չի գործում, Արցախի մեր հայրենակիցները արդեն երկրորդ օրն է ջեռուցում չունեն, գնդակոծվումէ Խրամորթը, գյուղատնտեսական աշխատանքներն ուշանում են: Պաշտոնական Երևանից այս ամենի վերաբերյալ որևէ պաշտոնական դիրքորոշում չկա, փոխարենը արտգործնախարարությունը շարունակում է խաղաղության դարաշրջանի արհեստական թեզի կրկնությունը»,- ամփոփեց պատգամավորը:
Այնուհանդերձ, Կառավարության ներկայացրած նախագծերը հրատապության քննարկելու հարցը 60 կողմ և 32 դեմ ձայներով ընդգրկվեց նիստի օրակարգ: