կարևոր
3955 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-09 11:53

Առողջապահության նախարարությունը թերացել է, իսկ հրատապ պետք է քննարկեինք Արցախում ներկա իրավիճակը. Գեղամ Մանուկյան

Առողջապահության նախարարությունը թերացել է, իսկ հրատապ պետք է քննարկեինք Արցախում ներկա իրավիճակը. Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովն այսօր, կառավարության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը և Արժույթի միջազգային հիմնադրամից ստացվող վարկային ծրագրի վերաբերող նախագիծը: 

Նիստի սկզբին Առողջապահության փոխնախարար Նանուշյանը փորձեց հիմնավորել, թե ինչի է հարցը հրատապ, սակայն ընդդիմադիրների հարցերին չկարողացավ լիարժեք պատասխան տալ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցողից, որ  եթե հրատապությունը կար,  ինչո՞ւ   հարցը չներառվեց նախորդ լիագումար նիստերի օրակարգ․ ի պատասխան փոխնախարարը նշեց, որ հնարավոր է խոչընդոտներ են եղել, բայց մանրամասն հարցին կպատասխանի  իր գործընկերը ։ Արձագանքելով փոխնախարարին Արթուր Խաչատրյանը նշեց․

«Տիկին Նանուշյան, օրակարգի հարցի  զեկուցողն եք, եթե անդրադառնում եք հարցին, պետք է կարողանայիք լիաժեք պատասխանել»։

«Ձեր դիտողությունն իմ հանդեպ ընդունված է, հաշվի կառնեմ և  հաջորդ ելույթի ժամանակ պատրաստված կլինեմ»,-արձագանքեց Նանուշյանը։

Իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ասաց, որ փոխնախարարը չի տիրապետում նախագծի հրատապության հարցին, և որևէ հիմնավորում չբերվեց, թե ինչու է այս նախագիծը հրատապ: Ավելին, ասաց պատգամավորը, որ շրջանցվել է տնտեսական հարցերի հանձնաժողովը: 

Հրատապությամբ նիստի օրակարգ ներառելու քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց.

«Քվեարկության արդյունքներն օրենքի նախագծին և ծխելու արգելքներին չեն վերաբերում: Այս  քվեարկությամբ պատգամավորները դիրքորոշում են, թե ինչու առողջապահության նախարարությունն իր աշխատանքներում չպետք է թերանա և այսպես հևիհեև օրենքի նախագիծ բերի»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ որևէ մեկը աշխատանքից չի վախենում, չի խուսափում:

«Այսպիսի հրատապության նախագծի փոխարեն, այսօր Ազգային ժողովում շատ ավելի ակտիվ պետք է քննարկվեր Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը. գազատարը չի գործում, Արցախի մեր հայրենակիցները արդեն երկրորդ օրն է ջեռուցում չունեն, գնդակոծվումէ  Խրամորթը, գյուղատնտեսական աշխատանքներն ուշանում են: Պաշտոնական Երևանից այս ամենի վերաբերյալ որևէ պաշտոնական դիրքորոշում չկա, փոխարենը արտգործնախարարությունը շարունակում է խաղաղության դարաշրջանի արհեստական թեզի կրկնությունը»,- ամփոփեց պատգամավորը: 

Այնուհանդերձ, Կառավարության ներկայացրած նախագծերը հրատապության քննարկելու հարցը 60 կողմ և 32 դեմ ձայներով ընդգրկվեց նիստի օրակարգ: