Փաշինյանի գլխավորությամբ Փարիզում գտնվող կառավարական պատվիրակությունը մարտի 9-ին կմասնակցի «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: ՀՀ կառավարական պատվիրակություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին վարչապետի որոշմամբ՝ պատվիրակության կազմում են նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, նախարարներ Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, Գնել Սանոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանը և Արթուր Մարտիրոսյանը: Պատվիրակության ամբողջական ցանկը ներկայացված է որոշման հավելվածում:
Փարիզ մեկնելու համար առանձին կազմակերպվել է հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2022 թվականի մարտի 8-ին՝ Երևան-Փարիզ, իսկ մարտի 9-ին՝ Փարիզ-Երևան երթուղով։
«Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին»,-նշված է որոշման մեջ։
Այցի շրջանակում Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների ղեկավարները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտնել էր, որ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» խորագրով համաժողով է անցկացվելու Փարիզում։ Լըմուանը նաև տեղեկացրել էր, որ ֆրանսիական կողմը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մի հավակնոտ ճանապարհային քարտեզ։