կարևոր
3694 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-08 11:42

Հայ կինը և՛ հերոս զավակներ է տալիս մեր հայրենիքին, և՛ հարկ եղած դեպքում ինքն է նետվում մարտի. Արցախի թեմի առաջնորդի ուղերձը

Հայ կինը և՛ հերոս զավակներ է տալիս մեր հայրենիքին, և՛ հարկ եղած դեպքում ինքն է նետվում մարտի. Արցախի թեմի առաջնորդի ուղերձը

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական խոսքը կանանց միջազգային օրվա կապակցությամբ. 

«Սիրելի՛ Արցախի հերոսածին մայրեր և քույրեր

Գարնանային զարթոնքի այս օրերին կրկին հասել ենք այն հանգրվանին, որ ամբողջ աշխարհում նշվում է կանանց միջազգային օրը։

Եթե մարտի 8-ի խորհրդով է կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը պաշտոնապես դարձել իրականություն աշխարհի շատ երկրներում, ապա քրիստոնեական միջավայրում կինն ի սկզբանե եղել է պաշտպանված և արժևորված:

Քրիստոնեությունը վերականգնեց կնոջ արարչաստեղծ դերն ու արժեքը և Աստվածամոր օրինակով նորից ամրագրեց կնոջ մեծագույն կոչումը` մայր լինելու շնորհը։

Այս գեղեցիկ տոնի առիթով նշելի է հայ քրիստոնյա կնոջ կերպարը՝ մեծազնիվ, պարկեշտ ու խոնարհ: Ինչպես Պողոս առաքյալն է կոչում. «կանայք համեստ զարդարանքով, ակնածությամբ և պարկեշտությամբ թող զարդարվեն …»: 

Մեր հայացքի առաջ նորից պարզվում է հայ կնոջ, հերոսածին մոր կերպարը, ով և՛ հերոս զավակներ է տալիս մեր հայրենիքին, և՛ հարկ եղած դեպքում ինքն է նետվում մարտի։

Աղոթում ենք մեր որդեկորույս մայրերի և անհայտ կորած տղաների մայրերի Աստծով մխիթարություն գտնելու համար, որպեսզի Ձեր աչքի առաջ միշտ կարողանաք ունենալ Մարիամ Աստվածածնի կերպարը որպես որդեկորույս մայր՝ մխիթարված Սուրբ Հոգով։

Աստված օրհնի և զորացնի մեր Մայրերին ու քույրերին»,- ասված է ուղերձում։