Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատվական աղբյուրների տարածած կեղծ լուրերին՝ հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին․
«Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և, միաժամանակ, հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար։
Մարտի 6-ին Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներով կրակոցներ էր արձակել ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ուղղությամբ, իսկ այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն հատվածում կիրառվել է ականանանետ, արձակված արկերը պայթել են գյուղի գերեզմանոցի հարևանությամբ։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Նկարագրված գործողություններին զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին և հատկապես հրամանատարական կազմին վարկաբեկելու և զրպարտելու գործին։
Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր գործողությունները և ռուս խաղաղապահներին ուղղված զրպարտանքները կրում են համակարգային և ուղղորդված բնույթ, կազմակերպվում են ադրբեջանական իշխանությունների իմացությամբ և նրանց հրահանգով։
Արձանագրվող բոլոր դեպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի ուղիղ և անառարկելի դիտավորությունը՝ խաթարելու Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության բնականոն կյանքը և էթնիկ զտման ենթարկելու Արցախը»,- ամփոփում է Արցախի ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։
Ավելի վաղ թշնամին Խրամորթում բարձրախոսներով մի քանի օր շարունակ բնակիչներին սպառնում էր, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։
Իսկ փետրվարի 16-ին ադրբեջանական զինված ուժերը զենքի սպառնալիքով, վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին:
Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: