կարևոր
4726 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-07 18:44

ԱԱԾ-ն գործակալական նոր ցանց է բացահայտել. 16 անձ ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով . ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։

«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այդ անձինք հավաքագրելու, իրենց գործունեությունն առավել դյուրին և անխոչընդոտ իրականացնելու, բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով՝  սոցիալական կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները:

Հետագայում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները գումարի դիմաց առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ։

Ընդ որում, առանձին դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով վերջինների հետ հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ համագործակցության հանգամանքը հավաստող փաստաթղթեր, դարձել հաստիքային գործակալներ և տվել իրենց համաձայնությունը՝ հայտնել երկրում տեղի ունեցող քաղաքական և ռազմական բնագավառների իրադարձությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև հանձնել պետական, ռազմական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։

Նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 16 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Նրանցից 10-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Ընդ որում, պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկատվության հետագա փոխանցումը»,-նշվում է հաղորդագրության մեջ