Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից հայտնում են, որ մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ:
«Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել:»,- նշված է Արցախի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդի համայնքապետի տեղակալ Սևակ Խաչատրյանը հայտնել է, որ Արցախի Թաղավարդ գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից երեկ կեսօրից մինչև ուշ երեկո պարբերաբար կրակոցներ են եղել որոնք պարզ լսվել են գյուղում։
«Կեսօրին՝ ժամը 13։00-ից սկսել են կրակել։ Մոտ երկու ժամ ինտենսիվ կրակել են, հետո արդեն ընդհատումներով էին կրակում»,-հայտնել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։